Ճամբարակ համայնքն ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ։ Համայնքն ուրույն և բացառիկ է ողջ Հայաստանում՝ իր Սևանա լճի ամենագեղեցիկ ափերից մինչև բարձր լեռնային ալպյան գոտիներով և հարուստ անտառներով։
Սևանա լճի ամենահարմարավետ և ավազոտ ափերը ձգվում են Ծափաթաղից մինչև Դրախտիկ, որտեղ հայտնի են «Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը», «Պորտ Այաս» հանգստի և արվեստի կենտրոնը, որտեղ գտնվում է նաև պատմական Կիլիկիա առագաստանավը, նորաբաց «Կոմունա Սևանը» իր ուրույն գեոդոմերով և քարավաններով, «Վիշապ» լողափը, Շողակաթի հանրային լողափը, Դրախտիկում գտնվող «Երամակ» ձիարշավարանը, նորաբաց «Ֆոկուս Փոինթ Դրախտիկ» հյուրատունը և մի շարք լողափեր և հանգստի տարածքներ։
Ճամբարակ համայնքում են գտնվում դամբարանադաշտեր, մ․թ․ա․ թվագրվող գյուղատեղիներ, միջնադարյան խոնարհված եկեղեցիներ, խաղաքարեր, ամրոցներ։ Հայտնի են Ճամբարակ քաղաքում գտնվող Սբ. Գրիգոր մատուռը՝ 1029 թ․, Գետիկ բնակավայրի «Մուղնա խաչ», մ.թ.ա. 1 հզ, 7-10 դդ, Մարտունի բնակավայրի տարածքում գտնվող «Կարմիր եղցի» (Հին Գետիկ) եկեղեցական համալիրը 9-12 դդ.,որտեղ է գործել միջնադարյան ականավոր գործիչ Մխիթար Գոշը, կիսավեր, «Աղջաղալա» ամրոցը, 10-13դդ․, «Բերդի դոշ» ամրոցը, մ․թ․ա․ 2-1 հզ և այլն։
Համայնքը շատ նպաստավոր է արշավական տուրիզմի, լեռնագնացության և գյուղական տուրիզմի զարգացման համար։ Հայտնի լեռնագագաթներից է Արտանիշ լեռը՝ 2461 մ, Արեգունի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Պուտաքար լեռը՝ 2744 մ, Միափորի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Միափորը՝ 2993 մ։
Համայնքն ունի ինչպես փշատերև անտառներ, որոնք հիմնականում հանդիպում են Սևանա լճի ափին, Ճամբարակ քաղաքի և Թթուջուր բնակավայրի տարածքում։ Դիլիջանի հայտնի անտառները սկիզբ են առնում Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղից, որտեղ անտառը հարուստ է կաղնիներով և լորենիներով։ Մարտունի բնակավայում է գտնվում «Բի անդ բի ապիթերապիայի կենտրոն հյուրատունը», «Մայ Ագրիսամըր» միջազգային ճամբարը, այստեղ է անցկացվում նաև «Մեղրաքամի ամենամյա փառատոնը» և Մարտունի գյուղի տոնը։
Համայնքի ամենահայնտի տուրիստական բնակավայրերից է Կալավանը, որը տարիներ առաջ մեծ ճանաչում գտավ և մինչ օրս էլ գյուղական տուրիզմի հաճախ այցելվող վայրերից է։ Որպես զբոսաշրջային պրոդուկտ հայտնի է նաև Թթուջուր գյուղի հանքային աղբյուրը։
Ճամբարակ համայնքն ունի մեծ պոտենցիալ դառնալու դանդաղ և պատասխանատու տուրիզմի կենտրոն, կարիք կա ստեղծելու զբոսաշրջության զարգացման կենտրոն, որը կնպաստի զբոսաշրջության մեծ թափով զարգացմանն ու տնտեսական աճի ապահովմանը համայնքում։
Facebook
Location on Google Maps
YouTube