Ճամբարակ խոշորացված համայնքը Գեղարքունիքի մարզի 5 համայնքներից մեկն է: Համայնքը խոշորացվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 09.06.2017թ. ՀՕ-93-Ն կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքային, Վահան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, Կալավան, Անտառամեջ գյուղական համայնքների և Արծվաշեն բնակավայրի միավորումից: Համայնքի կենտրոնը Ճամբարակ քաղաքն է։ Արծվաշենը Ղարաբաղյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ճամբարակ համայնքը զբաղեցնում է 37860.68 կմ2 տարածք։ Բնակչությունը՝ 12416 մարդ։
Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից, դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը: Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը: Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի՝ Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված Մոլոկանների կողմից: Մինչև 1988-1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, որոնք բնակվել են հիմնականում Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերում, որը իր հերթին կազմավորվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր գյուղի անասնապահների կողմից։ Համայնքում հայերից բացի բնակվել են նաև մալոկաններ, ադրբեջանցիներ, քրդեր, մորդովացիներ: Շրջանում բնակվող ադրբեջանցիների և մոլոկանների հեռանալուց հետո համայնքը վերաբնակվեցի Արծվաշենից, Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայերով։
Վահան գյուղը /նախկին Կրասնոսելսկի շրջան, գ. Օրջոնիկիձե/ հիմնադրվել է 1925թ: Համայնքը Վահան է վերանվանվել 1991թ.-ին: Գտնվում է Հայաստանի հյուսիս արևելյան հատվածում: Բարձր լեռնային է, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ. է: Հեռավորությունը մայրաքաղաքից 130 կմ է, մարզկենտրոնից` 105 կմ: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3.0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ: Համայնքի տարածքով է անցնում Գետիկ գետի 7 կմ. Հատվածը:
Թթուջուր գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում` Գետիկ գետի աջ ափին, ծովի մակարդակից 1850-1950 մ բարձրության վրա: Բնակավայրը բնակեցվել է մինչև 1920թ: Բնակավայրի կենտրոնում կա հանքային ջուր, որից ծագել է գյուղի անունը: Թթուջուրը գտնվում է հանրապետական նշանակության Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան-Դիլիջան ավտոճանապարհների խաչմերուկում:
Գետիկ բնակավայրը հիմնադրվել է 1923թ: Բնակիչները` ընդամենը 20-30 ընտանիք, եկելեն Արծվաշեն գյուղից և հիմնադրել Գետիկ գյուղը: Մինչև 1947թ. եղել է Դիլիջանի գավառի, 1937-1995թթ. Կրասնոսելսկի շրջանի, 1995թ Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում: Հեռավորությունը շրջկենտրոնից 12 կմ է, Երևան քաղաքից՝ 137 կմ: Գյուղը գտնվում է Միափորի և Արեգունի լեռների միջև, Գետիկ գետի հովտում, ծովի մակարդակից 1820 մ բարձրության վրա:
Մարտունի
1921թ. գարնանը Ալեքսան Տեր-Նիկողոսյանի գլխավորությամբ Մեծ Եղեռնից վերապրած 12 գաղթական ընտանիքներ,թվով 40 մարդ, Կրասնոսելսկավանից ոչ հեռու` Գետիկ գետի անտառաշատ ափին, հիմնադրում են Մարտունի գյուղը: 1921-23թթ գյուղը համալրվում է նորգաղթական ընտանիքներով: 1921-30 թվականներին գյուղի բնակչության թիվը հասնում է 350-400-ի: Գյուղի հիմնադրումից երկու տարի հետո`1923թ, բացվում է Մարտունի գյուղի դպրոցը: Դպրոցը սկզբում տարրական էր, այնուհետև` ութամյա, իսկ 1987թ, երբ կառուցվեց դպրոցին որ շենքը, դարձավ միջնակարգ: 1993թ բարերար Շավարշ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվել է «Սուրբ Ստեփանոս» մատուռը: 1977թ շահագործման է հանձնվել գյուղի մշակույթի տունը: Մարտունի գյուղում է գտնվում Հին Գետկավանքի ավերակները (Կարմիր Եղցի), որտեղ իր բանական կյանքն է անց կացրել Մխիթար Գոշը։ Երկրաշարժի հետևանքով վանքը ավերվել է։
Այգուտ գյուղը գտվնում է Գեղարքունիքի մարզում, Միափորի լեռների հարավային լանջին, Գետիկի հովտում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 93 կմ հյուսիս-արևելք։ Այգուտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1420 մետր բարձրության վրա։
Դպրաբակ բնակավայրը տեղակայված է Գետիկ գետի ստորին հոսանքի ձախ կողմում, մարզկենտրոնից 100 կմհեռավորությամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1240 մ բարձրության վրա։ Նախկինում անվանում էին Չայքենդ, վերանվանվել է Դպրաբակ՝ 03.04.1991թ։ Հիմնադրվել է 1778 թվականին։ 1988 թ վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։ Դպրաբակ տանող ճանապարհից դեպի աջ կա 19- րդ դարի կամուրջ։ Գյուղից 4 կմ հվ-արմ, անտառի մեջ` Այրիջուր կոչված հանդամասում, կան գյուղատեղի, խաչարձան, խաչքարեր` 12-13- րդ դարերի արձանագրություններով։ Գյուղն ունի կիսավեր եկեղեցի` 17-18 - րդ դարերում թվագրվող:
Ձորավանք գյուղը տեղակայված է Գետիկ գետի ձախ ափին, մարզկենտրոնից 100 կմ հեռավորությամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։ Նախկինում անվանում էին Ղարաղալա, վերանվանվել է Ձորավանք 03.04.1991թ։ Հիմնադրվել է 1800 - ականներին։ 1988 թ վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։ Գյուղից 1.5 կմ հարավ-արևմուտք կա գյուղատեղի` 10-12 րդ դարերում թվագրվող, եկեղեցի` 10-13- րդ դարերի, խաչքարերով գերեզմանոց` 10-18 րդ դարերի։
Կալավան գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին, մարզկենտրոնից 107 կմ հեռավորությամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Նախկինում անվանում էին Ամրխեր, վերանվանվել է Կալավան 03.04.1991թ։ Հիմնադրվել է 1800 - ականներին։ 1988 թ վերաբնակեցվել է ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։ Բնակավայրի շրջակայքում կան դամբարանադաշտեր Կալավան -1, Կալավան - 2 / մ.թ.ա. 3-րդ,-2- րդ, 2-րդ- 1-ին հզմ. / խաչքարերով գերեզմանոց` 14-17 րդդդ, 2,5 կմհվ. կաքարեդարի բացօթյա կայան։ Այս կայանները Անդրկովկասի կարեւորագույն տեղեկություններ տվող հնագիտական հուշարձաններից են: Կալավան 1 և Կալավան 2 հնագիտական հուշարձանները վերաբերում են Հին քարե դարին: Կալավան 1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան 2-ը՝ 34 200 տարեկան է: Կալավանի կազմում է գտնվում Բարեպատ բնակավայրը: Գյուղն ունի միջնակարգ դպրոց: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Վերջին տարիներին այստեղ նշանակալի զարգացում է ապրել հնագիտական , արկածային և էկո տուրիզմը: Տարեկան աշխարհի տարբեր երկրներից Կալավան են ժամանում հազարավոր տուրիստներ:
Անտառամեջ բնակավայրը տեղակայված է Գետիկ գետի ձախ կողմում, մարզկենտրոնից 110 կմ հեռավորության վրա: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա: Նախկինում անվանում էին Մեշաքենդ, որը վերանվանվել է Անտառամեջ 03.04.1991թ: Հիմնադրվել է 1850 – ական թվականներին: 1988թ վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստական հայ ընտանիքներով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:
Facebook
Location on Google Maps
YouTube