Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 2023 թվականի հունվարի 24-ի N 54-Ա որոշման 7-րդ հավելվածի 7-րդ մասում լրացնել հետևյալ պարբերությունները՝
- իրականացնում է համայնքային երիտասարդական աշխատանք՝ կիրառելով երիտասարդական աշխատանքի տարբեր ձևաչափեր և մեթոդներ, այդ թվում՝ երիտասարդական խորհուրդների, համայնքային խորհրդակցական մարմինների, հանրային քննարկումների, աշխատանքային խմբերի, երիտասարդական կենտրոնների, բաց երիտասարդական աշխատանքի և այլ մասնակցային հարթակների միջոցով,
- աշխատում է համայնքում բնակվող երիտասարդների հետ՝ անկախ նրանց սոցիալական, կրթական, տնտեսական կամ մշակութային առանձնահատկություններից՝ նպաստելով նրանց ներառմանը և ակտիվ մասնակցությանը,
- բացահայտում է երիտասարդների կարիքները, հետաքրքրությունները, ներուժը և խնդիրները, իրականացնում է դրանց վերաբերյալ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պարբերական գնահատում,
- նպաստում է երիտասարդների մասնակցությանը համայնքի զարգացման առաջնահերթությունների բացահայտմանը, համայնքային խնդիրների քննարկմանը, լուծումների համատեղ մշակմանը և տեղական նախաձեռնությունների իրականացմանը,
- խրախուսում է երիտասարդների ինքնակազմակերպումը, նախաձեռնողականությունը և երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը,
- նպաստում է համայնքում երիտասարդների միջև համագործակցության, փոխաջակցության և ակտիվ համայնքային կյանքի ձևավորմանը,
- խրախուսում և աջակցում է երիտասարդների կամավորական գործունեությանը և համայնքային ներգրավվածությանը,
- մասնակցում է համայնքի երիտասարդական քաղաքականության, ռազմավարությունների, ծրագրերի և երիտասարդներին առնչվող այլ փաստաթղթերի մշակմանը, իրականացմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը,
- կազմակերպում և իրականացնում է համայնքային երիտասարդական ծրագրեր, միջոցառումներ և նախաձեռնություններ,
- համագործակցում է համայնքում գործող երիտասարդական կենտրոնների, երիտասարդական տարածքների և այլ երիտասարդական ծառայությունների հետ կամ, համապատասխան դեպքում, իրականացնում է դրանց ծրագրային համակարգումը,
- համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կրթական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև այլ գործընկեր կառույցների հետ,
- կազմակերպում է երիտասարդների մասնակցությամբ հանրային քննարկումներ, խորհրդակցություններ, աշխատաժողովներ և այլ մասնակցային միջոցառումներ,
- ապահովում է երիտասարդներին վերաբերող հնարավորությունների, ծրագրերի, ծառայությունների և նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու տարածումը,
- աջակցում է երիտասարդների մասնակցությանը ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերին, փոխանակումներին և համագործակցության հնարավորություններին,
- համագործակցում է պետական լիազորված մարմնի և ոլորտային այլ կառույցների հետ՝ պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով,
- իրականացնում է համայնքային երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների, վերլուծությունների և առաջարկությունների պատրաստում,
- անհրաժեշտության դեպքում իրականացնում է նպատակային աշխատանք ծառայություններից դուրս մնացած, խոցելի կամ դժվար հասանելի երիտասարդների հետ՝ նպաստելով նրանց ներառմանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|